ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
ART EXPO - 2011
Array

ՀՀ մշակույթի նախարարությունը և “ԷՔՍՊՈՄԵԴԻԱ”-ն  2011 թ. փետրվարի 11-ին և 12-ը Հայաստանի նկարիչների միությունում անցկացրեցին "ART EXPO - 2011" ցուցահանդեսը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին իրականացվող արվեստների այս ցուցահանդեսը, որը կոչված է մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալներին, շահագրգիռ կազմակերպություններին ու արվեստասեր հանրությանը ներկայացնելու հայրենական մշակութային ձեռքբերումները, այս անգամ հանդես եկավ, ոչ միայն 2010 թ. իրականացված ծրագրերով, այլև` 2011-ի նախագծերով ու մտահղացումներով:
Այս տարի փետրվարի 11-12-ի "ART EXPO - 2011" -ին մասնակցեցին շուրջ 50 պետական, հասարակական և մասնավոր մշակութային կազմակերպություններ:
Նկարիչների տան 1-ին հարկում թանգարանները, ցուցասրահները, թատերական, համերգային կազմակերպությունները, փառատոները 47 տաղավարներում ներկայացրին ժամանակակից մշակույթի տարբեր ոլորտների` ավանդական ազգային արվեստի, մշակութային կրթության ձեռքբերումները, ինչպես նաև 2010 թ. հոբելյանները` հրատարակությունների, ալբոմների, CD-ների ողջ բազմազանությամբ:
2-րդ հարկում ներկայացվեցին պատմամշակութային ժառանգության ոլորտը` 2010 թ. ընթացքում իրականացված գիտական ուսումնասիրությունները, պեղումները, դիտանցումները, հուշարձանների վերականգնման ծրագրերը:
3-րդ հարկում 16 մշակութային կազմակերպություններ հանդես եկան ֆիլմերի ցուցադրություններով, տարաբնույթ կրթական ծրագրերով, խաղ-էքսկուրսիաներով ու դասախոսություններով:
Ցուցահանդեսի նախամուտքում, առանձին տաղավարներով ներկայացված էին նաև հուշանվերներ, նամականիշներ, գրքեր:
"ART EXPO - 2011"-ի բացումը ազդարարվեց ու նշանավորվեց ազգագրական պարային խմբերի բացօթյա ելույթներով, տոհմիկ պարերով ու տոնական տրամադրությամբ` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
"ART EXPO - 2011" -ը մեկնարկեց փետրվարի 11-ին, ժամը 14:30-ին:
" ART EXPO " 2011-ի համակարգողն է “ԷՔՍՊՈՄԵԴԻԱ” ընկերությունը: